Եկեք անկեղծ լինենք։ Մենք հիմա չենք էլ հիշում երանելի ժամանակները՝ ընդամենը մի քանի տարի առաջ գնաճը մեկ տոկոսի էլ չէր հասնում, այսինքն` ապրանքի գինը խանութներում գրեթե չէր փոխվում, տաքսու վարորդը դեռ պահպանում էր նվազագույն 600 դրամ վճարի պայմանը՝ պատճառ չունենալով երեսիդ շպրտելու. «Հո լուսնի՞ց չես ընկել, տես ամեն ինչ որքան է թանկացել, դրա համար էլ 1000 եմ վերցնում»։ Կենտրոնական բանկն էլ հպարտանում էր. «Ասել եմ, որ թույլ չեմ տա գնաճը 4 տոկոսից անցնի ու անշեղորեն կատարում եմ խոստումս»։
Չէինք էլ կանխատեսում, որ այդ ամենը մի օր կանցնի պատմության գիրկը, ու ամեն անգամ խանութ գնալիս կմտածենք՝ լա՛վ, ինչքա՞ն կարելի է ձգել մեր այդ առաձգական գոտին։
Այո, այժմ իրավիճակը տխուր է։ Օրեր առաջ պատգամավորներից մեկը խորհրդարանում փաստեց. «Սննդամթերքի գներն այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա համեմատ բարձրացել են 15,4 տոկոսով: Առաջին անհրաժեշտության ապրանքներ կան, որոնք թանկացել են 30-60 տոկոսով»։ Երբ այս մասին խոսում ես արտասահմանում ապրող հարազատներիդ կամ բարեկամներիդ հետ, նրանք անմիջապես հակադարձում են՝ բերելով իրենց երևի թե ամենասիրած փաստարկը. «Է, մեզ մոտ էլ է կյանքը դժվարացել, մեզ մոտ էլ է ամեն ինչ թանկացել»։
Ու ամոթից կարմրելով՝ սկսում ես զբաղվել ինքնախարազանմամբ. «Լավ, ինչո՞ւ եմ ես՝ հայաստանցիս, այդքան ծույլ և կյանքից հավերժ դժգոհ»։
Իրականում արտասահմանում ապրող ու աշխատող մեր հայրենակիցների փաստարկը, իհարկե, հիմքեր ունի։ Ըստ Եվրոստատ գործակալության պաշտոնական տվյալների` այս ամիս սպառողական գներն անցած տարվա համեմատությամբ աճել են ավելի քան 4 տոկոսով։ Նույնիսկ Միացյալ Նահանգներում մարդկանց եկամուտները սեպտեմբերին առնվազն 1 տոկոսով պակաս են եղել, քան օգոստոսին, իսկ սպառողական ծախսերն ավելացել են 0,6 տոկոսով։ Սակայն նկատեցի՞ք տարբերությունը։
Նախ, զարգացած պետություններում գնաճն այնուամենայնիվ այդքան ահավոր չէ, որքան Հայաստանում և երկրորդ՝ մեր մեկ տոկոսը և Արևմուտքի մեկ տոկոսն այնուամենայնիվ, մեղմ ասած, այնքան էլ համեմատելի չեն այն պայմաններում, երբ Հայաստանում միջին աշխատավարձը կազմում է մոտ 400 դոլար մեկ ամսում, իսկ Ամերիկայում՝ 20 դոլար մեկ ժամում, այսինքն, նյույորքցի Ջոնը կարող է աշխատել ընդամենը 20 ժամից էլ պակաս և ստանալ այնքան, որքան գյումրեցի Մուկուչը ստանում է մեկ ամսում։ Եթե, իհարկե, աշխատանք ունի։
Միջազգային վերլուծական կենտրոնները համակարծիք են, որ ինֆլյացիայի ալիքը ոչ թե տեղական երևույթ է, այլ տարածվել է աշխարհով մեկ։ Գոնե այս դեպքում, անկեղծ խոստովանենք, մեր իշխանությունները մեղք չունեն։ Պարզապես տարբեր պետություններում փորձում են եթե ոչ զսպել անկառավարելի գնաճը, ապա գոնե ինչ-որ չափով թեթևացնել մարդկանց վիճակը։ Ռուսաստանում, օրինակ, որոշված է մինչև այս տարվա վերջ անխտիր բոլոր թոշակառուներին բաժանել 15 հազարական ռուբլի։
Համաձայնեք` 100 հազար դրամն էլ թոշակառուի համար փոքր բան չէ։ Գիտեմ` հիմա կհիշեցնեք, որ մեզ մոտ էլ է նոր տարուց ավելանալու կենսաթոշակը։ Չեմ ուզում մանրամասնել, որովհետեւ մի անգամ արդեն անդրադարձել եմ այս թեմային՝ ախր ո՞ւմ եք ուզում թյուրիմացության մեջ գցել։ Իրականում ծիծաղելի գումարով, որը 2500 դրամ էլ չի կազմում, ավելանում է միայն նվազագույն թոշակ ստացողների կենսաթոշակը, իսկ նրանք հանրապետության գրեթե կես միլիոն թոշակառուների 3 տոկոսն են կազմում։
Բայց ամենակարևորը՝ չի կատարվում կառավարության 5-ամյա ծրագիրը։ Դա ես չեմ ասում, փաստում է Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, մեջբերեմ. «Կառավարության ծրագրում գրված է՝ նպաստների, թոշակների չափերն առնվազն պետք է գնաճից ավելի բարձրանան: Այդպես չէ՝ աղքատները, ծայրահեղ աղքատներն իրենց իրական եկամուտները կորցնելու հաշվին ավելի վատ են ապրելու հաջորդ տարի, քան այս տարի»,- անկեղծանում է կառավարության անդամը։
Բայց, ինչպես սիրում է կրկնել մեր ժողովուրդը բոլոր ծանր պահերին, վերջը լավ կլինի։ Էլի մեջբերեմ. «Կարող եք վստահ լինել, որ մինչև 2026 թվականը կառավարությունն իր նախանշած բոլոր թիրախներին հասնելու է»։
Հավատանք նախարարին` միաժամանակ փորձելով գտնել ամենագլխավոր հարցի պատասխանը՝ լավ, բա մինչև 2026 թվականն ինչպե՞ս ենք ապրելու։