ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վստահ է, որ մարդկությունը փորում է իր գերեզմանը՝ շրջակա միջավայրի նկատմամբ իր վերաբերմունքով։ Այդ մասին նա հայտարարել է Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի ժամանակ` մասնակիցներին կոչ անելով բնությանը չվերաբերվել իբրև զուգարանի։
«Կլիմայի փոփոխության Փարիզյան համաձայնագրի ստորագրումից վեց տարի անց գրանցվել են վեց ռեկորդային ամենաշոգ տարիները: Մարդկության կախվածությունը հանածո վառելիքից մեզ հասցրել է անդունդի եզրին: Մենք կարևոր ընտրության առաջ ենք. կա՛մ դադարեցնում ենք մեզ, կա՛մ դադարեցնում են մեզ։ Բավական է սպանենք ինքներս մեզ ածխածնով, դադարե՛նք բնությանը զուգարանի պես վերաբերվել: Դադարենք այրել, հորատել ու փորել ավելի խորը: Այլապես մենք փորում ենք մեր գերեզմանը»,- ասել է Գուտերեշը։
Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը Գլազգոյում անց է կացվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) կողմերի 26-րդ համաժողովը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիան՝ Իտալիայի հետ համագործակցությամբ:
Նիստին մասնակցում են շուրջ 200 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ համաշխարհային առաջնորդներ, փորձագետներ և ակտիվիստներ։ Հայաստանից մասնակցում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև ելույթ է ունենալու համաժողովի շրջանակներում։