ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. 2020թ–ի հունվարի 1-ից Հայաստանում ներդրված Ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտումների արձանագրման բալային համակարգն ապացուցել է իր արդյունավետությունը։ Այս մասին այսօր Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2022թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը։
«Բալային համակարգն իր արդյունավետությամբ էական ազդեցություն ունեցել է։ Այդուհանդերձ, ցավով պետք է նշենք, որ ավելացել են նաև ՃՏՊ–ների ու դրանց արդյունքում գրանցված զոհերի թիվը։ Եթե դիտարկենք բալային համակարգով, ապա առաջինը, որ պետք է ֆիքսենք, այն է, որ ներկա պահին բալային համակարգը գործում է բացառապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումների դեպքում։ Իսկ ինչպես գիտենք, տեխնիկական միջոցներով հիմնականում հագեցած է մայրաքաղաք Երևանը։ Ըստ այդմ, երբ ուշադրություն ենք դարձնում վերլուծություններին, Երևան քաղաքում ՃՏՊ–ների զոհերի թիվը շատ ավելի քիչ է, քան մարզերում։ Հետևաբար, կարծում եմ, այդուհանդերձ, բալային համակարգն իր արդյունավետությունը տվել է»,– ասաց Ֆիդանյանը։
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ֆիդանյանը նշեց, որ ավտոտրանսպորտային պատահարների թվի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մեծածավալ մեքենա է ներկրվել ՀՀ։ Նրա խոսքով` մարմնական վնասվածքով ՃՏՊ–ների թիվն է նվազել։ Իսկ ինչ վերաբերում է մարզերին, ապա այնտեղ էլ ՃՏՊ–ների հետևանքով մահվան դեպքեր են գրանցվում կա՛մ մեծ արագության, կա՛մ ճանապարհների վատ լուսավորության և անմխիթար վիճակի պատճառով։
Հիշեցնենք` 2020թ–ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած իրավակարգավորումներով վարորդին վարորդական իրավունք ստանալու պահին տրվում է 9 միավոր։ Յուրաքանչյուր խախտում թույլ տալու դեպքում այդ միավորները նվազում են 0.5-4 միավորի չափով` կախված խախտման տեսակից ու ծանրությունից։
Եթե մեկ տարվա ընթացքում վարորդին տրված 9 միավորը սպառվում է, նա 6 ամսով զրկվում է վարորդական իրավունքից։ 6 ամիսը լրանալուց հետո վարորդական իրավունքը վերականգնվում է և դարձյալ տրվում է 9 միավոր։ Երկրորդ 9 միավորը մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վարորդական իրավունքից զրկվում է արդեն 1 տարի ժամկետով, և վարորդական իրավունքը վերականգնվում է միայն քննություն հանձնելուց հետո։
Ընդ որում` վարորդական իրավունքից ժամանակավորապես զրկված վարորդներին իրավունք է տրվում մինչև ժամկետի լրանալը տեսական քննություն հանձնել ու ավելի շուտ վերականգնել կորցրած իրավունքը։