Ի՞նչ գնով է պետությունը ձեռք բերում ՊՇՌ թեստերը, և ինչո՞ւ հայկականներն այլևս չեն կիրառվում

ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը սկսել է չօգտագործել տեղական արտադրության ՊՇՌ թեստերը, այժմ դրանք ներմուծվում են։ Դրանց մի մասը նվիրատվություն են, մյուս մասն էլ գնումներով են ձեռք բերվում։ Առողջապահության նախարարությունից «Փաստինֆոյին» հայտնել են, որ կառավարությունը թեստերը գնում է 850-3000 դրամով։
Հայաստանում կորոնավիրուսի թեստերի պակաս կլինի՞
Նախարարությունից լրատվամիջոցին տեղեկացրել են, որ ՀՀ-ում հիմա օգտագործվում են Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի, Բելգիայի, Լեհաստանի, Չեխիայի, Կորեայի, Բելառուսի արտադրության ՊՇՌ թեստերը, որոնք ստացվում են որպես նվիրատվություն, մի մասն էլ ձեռք է բերվում։ Գերատեսչությունը, սակայն չի մանրամասնել, թե որքան թեստ է ձեռք բերել 850 դրամով և ամենաբարձր 3000–ով։

«2021 թվականի նոյեմբերի 1-ի տվյալով՝ հիվանդության տարածման սկզբից ՀՀ-ում ընդհանուր առմամբ կատարվել է 2.110.256 թեստավորում, որոնցից միայն մոտ 100 000–ն է եղել տեղական արտադրության թեստերով»,– գրել է «Փաստինֆոն» և հավելել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հայկական թեստեր ստացել է միայն 2020 թվականին՝ ընդամենը՝ 103.155 թեստ։

Լրատվամիջոցը նաև տեղեկացրել է, որ հայկական արտադրության թեստը բավական թանկ է արժեցել՝ մոտավորապես 2500 դրամ և ստացվել է այնպես, որ թեստերը ներմուծելն ավելի էժան է եղել քան արտադրելը։
Նշենք, որ Հայաստանում ՊՇՌ թեստերը ձեռք են բերվել 850-3000 դրամով, սակայն իրացվել են 7000-17000 դրամով։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանով սահմանվել է, որ ՀՀ–ում աշխատողները հոկտեմբերի 1-ից պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ փաստաթուղթ։
Չպատվաստված ու ՊՇՌ թեստ չհանձնած աշխատողները կարող են զրկվել ստաժից ու արձակուրդից
Սեպտեմբերի 28-ին ՀՀ առողջապահության նախարարւոթյան մոտ բողոքի ակցիա էր կազմակերպվել։ Մասնակիցները բողոքում էին, որ 15-20 հազար դրամանոց թեստերը Ավանեսյանի հրամանից հետո հանկարծ դարձել են 7000-8000 դրամանոց, ու ստացվում է, որ թեստերից գործադիրը գերշահույթ է ունեցել։