ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ժամանել է կլիմայական փոփոխություններին վերաբերող միջազգային խոշոր համաժողովի անցկացման վայր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահը ողջունել ու կարճատև զրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որոնք դիմավորել են Գլազգոյի համաժողովին մասնակից երկրների ղեկավարներին:
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովն անցկացվում է Գլազգոյում:
Համաժողովը համանախագահելու են Միացյալ Թագավորությունն ու Իտալիան: Մասնակցում են նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին, Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլք:
Հայաստանի նախագահը ելույթով հանդես կգա համաժողովին շրջանակում կայանալիք Համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովում: Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա։
Նշենք, որ Գլազգոյում անցկացվող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի նպատակն է մշակել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաձայնեցված գործողությունների ծրագիր: