Հարցն ամբողջությամբ լուծված չէ. Արթուր Դավթյանը՝ ռազմագերիների վերադարձի մասին

ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է նաև, որ Նուր–Սուլթանում եռակողմ հանդիպմանն առաջարկ է արել` ստեղծել սահմանային միջադեպերին վերաբերող եռակողմ մեխանիզմներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Ադրբեջանում պահվող գերիների հարցն ամբողջությամբ լուծված չի համարում, սակայն վստահ է, որ այն ժամ առաջ պետք է լուծվի։ Այս մասին Դավթյանն ասել է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ռուսաստանն ամեն հարցում կարող է օգնել․ Սարգսյանը՝ հայ գերիների վերադարձի մասին
«Ի պատիվ իմ գործընկերոջ` ՌԴ գլխավոր դատախազի, ինքը նախաձեռնել է հումանիտար և իրավական բնույթ ունեցող հարցերով երկխոսություն սկսելը։ Առաջին եռակողմ հանդիպմանը, որ եղավ Մոսկվայում հունվար ամսին, բարձրացրել եմ մեր գերիների վերադարձման հարցը»,– նշել է ՀՀ գլխավոր դատախազը և հավելել, որ այդ ամենից հետո բազմաթիվ ռազմագերիներ են վերադարձվել։
Դավթյանն ընդգծել է, որ Նուր–Սուլթանում տեղի ունեցած երկրորդ հանդիպմանը նույնպես բարձրացրել է ռազմագերիների հարցը, քանի որ այն դեռևս ամբողջությամբ լուծված չէ։ Այդ ժամանակ նա անդրադարձել է նաև սահմանային միջադեպերի հետ կապված հնարավոր եռակողմ մեխանիզմներ ձևավորելու անհրաժեշտության հարցին։
ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են գերիների վերադարձի ու քարտեզների փոխանակման հարցերը
«Իմ առաջարկությունն ընդունվել է, ողջունվել է նախ իմ գործընկերոջ՝ ՌԴ գլխավոր դատախազի կողմից, համաձայնություն է տվել դրան նաև Ադրբեջանի գլխավոր դատախազը։ Դրա արդյունքում պետք է արդեն յուրաքանչյուր կոնկրետ դեպքով ձեռք բերել պայմանավորվածություններ։ Իհարկե, սա էլ հեշտ չէ, այս տեսակ շփումներն էլ շատ պարզ ու սահուն չեն ընթանում»,– ասել է ՀՀ գլխավոր դատախազը:
Նա վստահեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները, հատկապես իրավական: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում:
Արման Թաթոյանը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է հայ գերիների խնդիրը
Խոսելով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքի մասին, Դավթյանն ընդգծել է, որ քննության արդյունքում այս պահի դրությամբ կա քրեական հետապնդման ենթարկվող շուրջ 4 տասնյակ անձ։ «Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները Նուր–Սուլթանում հանդիպել են սեպտեմբերի 23-ին։