ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի ինքնաթիռին թույլ չեն տվել Մեծ Բրիտանիա մուտք գործել՝ տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառով։ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի երկրների 26-րդ համաժողովի համաշխարհային առաջնորդների գագաթնաժողովին Գլազգո մեկնելու համար ստիպված են եղել մասնավոր ինքնաթիռ վարձել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ հղում անելով նախագահի վարչակազմին:
«№1 ինքնաթիռը՝ Տու-154-ը, որով թռչում է պետության ղեկավարը, չի համապատասխանում Եվրամիության ու Մեծ Բրիտանիայի տեխնիկական նորմերին։ Ղրղզական կողմին ծանուցել են երկրում տվյալ տիպի ինքնաթիռի վայրէջքի անհնարինության մասին։ Պահանջների համաձայն՝ որոշում է կայացվել, որ Ղրղզստանի պատվիրակությունը մասնավոր ինքնաթիռով մեկնի», - գործակալությունը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչին։
Sputnik-ի տեղեկություններով՝ Ժապարովը Գլազգո է մեկնել բիզնես դասի Embraer Lineage-1000 մասնավոր ռեակտիվ ինքնաթիռով: Ներկա պահին նախագահն արդեն ժամանել է Մեծ Բրիտանիա, որտեղ երեքշաբթի ելույթ կունենա գագաթնաժողովում:
№1 ինքնաթիռը՝ Տու-154-ը, 2006 թվականին Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևին նվիրել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այն թողարկվել է 1993 թվականին։