ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Հայաստանյան որոշ պաշտոնյաների հավելավճարներն առաջիկայում կբարձրանան` հասնելով ամենամսյա աշխատավարձի 100-120 տոկոսին։ Այլ կերպ ասած` աշխատավարձերը կկրկնապատկվեն ու նույնիսկ կգերազանցեն բուն աշխատավարձի չափը։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում նման փոփոխություններ է առաջարկել ՀՀ Արդարադատության նախարարությունը։
Իրավական նախագծերի հրապարակման e-draft էլեկտրոնային հարթակում հրապարակված նախագծի համաձայն` աշխատավարձի նման բարձրացում է նախատեսվում ՀՀ գլխավոր դատախազի ու նրա տեղակալների համար։
Բանն այն է, որ օրենքի փոփոխության նախագծի հեղինակներն այս պաշտոնները համարել են «առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող», և այդ առանձնահատկություններով պայմանավորված` առաջարկում են սահմանել հավելումների հետևյալ չափերը.
ՀՀ գլխավոր դատախազ` 90 տոկոս,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ` 100 տոկոս։
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող)` 120 տոկոս,
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող)` 90 տոկոս,
ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ` 100 տոկոս։
Ընդ որում, այս հավելումները վճարվելու են ամեն ամիս մեկ անգամ` ամենամսյա աշխատավարձի հետ միասին։
Ի դեպ, նշենք, որ 2018թ–ին ընդունված փոփոխություններից ի վեր ՀՀ գլխավոր դատախազի աշխատավարձը կազմում է 992 հազար 100 դրամ, նրա տեղակալներինը` 727 հազար 540 դրամ: