ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Աֆղանստանի իշխանափոխությունից հետո Ռուսաստանը համարում է, որ գլխավոր խնդիրը Աֆղանստանի հարևան երկրների` Կենտրոնական Ասիայի պետությունների կայունությունն է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին ասել է «Ռոսիա 24»–ի եթերում։
«Չի կարելի թույլ տալ, որ հարևան երկրներում տիրող իրավիճակն ապակայունանա, Աֆղանստանից ահաբեկչության և թմրանյութերի սպառնալիք ներթափանցի, պետք է ճնշել այդ սպառնալիքները Աֆղանստանի ներսում»,– նշել է նա։
Նախարարն ընդգծել է, որ այդ երկրների կայունությունը հատկապես կարևոր է Մոսկվայի համար։
«Քանի որ Կենտրոնական Ասիայի դաշնակիցների հետ մենք որևէ սահման չունենք, առանց վիզայի ռեժիմ է գործում գրեթե բոլորի հետ», – պարզաբանել է նա։
Հիշեցնենք` երբ օգոստոսի սկզբին ամերիկյան զորքը դուրս եկավ Աֆղանստանից, «Թալիբան»* շարժումն ակտիվացրեց հարձակումները կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին գրոհայինները գրավեցին Քաբուլը և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտվել է։
Սեպտեմբերի սկզբին թալիբները հրապարակեցին ժամանակավոր կառավարության կազմը։ Այն գլխավորեց Մոհամմադ Հասան Ախունդը, որն արտգործնախարար է եղել «Թալիբանի» առաջին կառավարման օրոք և 2001 թվականից ՄԱԿ–ի պատժամիջոցների տակ է գտնվում։
*ՌԴ–ում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն։