ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի - Sputnik. Աշխարհում պարենային ճգնաժամ է սկսվում։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Ռոսիյսկայա գազետա» - ում հրապարակված հոդվածում:
«Սննդամթերքի գներն ամենուր աճում են, արագանում է գնաճը։ Ակնհայտ է, որ աշխարհում պարենային ճգնաժամ է սկսվում», — հայտարարել է քաղաքական գործիչը։
Մեդվեդևն ընդգծել է, որ այս պահին ոչ ոք չի կարող կանխատեսումներ անել, թե ինչպես է հնարավոր հաղթահարել համաշխարհային տնտեսության անկումը։ Նրա խոսքով` այն, ինչ հիմա տեղի է ունենում համաշխարհային տնտեսության մեջ, շատ ավելի լուրջ է, քան 2008 — 2009թթ. ֆինանսական ճգնաժամը։
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի խոսքով ՝ գլոբալ անկման հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ է արդյունավետ քաղաքականություն՝ ուղղված տնտեսության վերականգնմանը և գնային կայունության պահպանմանը:
«Որոշ երկրներում արդեն պարտքի բարձր մակարդակը և գնաճի աննախադեպ տեմպերը նոր մարտահրավերներ են։ Շատ բան կախված կլինի նաև արտաքին առևտրաշրջանառության վերսկսման տեմպից, հատկապես ծառայությունների արտահանման-ներմուծման առումով», - հստակեցրել է Մեդվեդևը։
Նա հավելել է, որ համաշխարհային տնտեսության վրա ազդում են բնակչության պատվաստման տեմպերը և կորոնավիրուսի նոր շտամների առաջացման վտանգը: Բայց համաշխարհային տնտեսության վրա ազդեցության հարցում Մեդվեդևն առանձնացրել է քաղաքական բնույթի գործոնները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային համագործակցության քաղաքական կամքը։