ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի գործով այսօր` ժամը 15:30-ին, հրատապ նիստ է հրավիրվել։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Բժշկական հանձնաժողովն արդեն ստեղծված է»,– Facebook-ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Հոկտեմբերի 15-ին Էրիկ Ալեքսանյանը հայտնեց, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող պրոֆեսորի վիճակը ծանր է։