Անձնական խնդրով տարաձայնություններ ունեին. ինչո՞ւ է սպանել կնոջը և փորձել ինքնասպան լինել

ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Երևանում տեղի ունեցած սպանության դեպքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի – Sputnik. Երևանում կնոջը սպանած տղամարդը անձնական հարցերի շուրջ վեճ է ունեցել նրա հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և որոշ մանրամասներ ներկայացնում։
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 31-ին, ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել:

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:
Քննչական խումբը` Սուվորովի փողոցի տներից մեկում, որտեղ հայտնաբերվել է սպանված կնոջ դի (1 նոյեմբերի, 2021 թ.). Երևան
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն), որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքները ստուգելու ուղղությամբ: