ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. G20-ի երկրները ամփոփիչ հայտարարություն են ընդունել Հռոմի գագաթնաժողովում, գրում է Iz.ru-ն։
Նրանք նախ պարտավորվել են ջանքեր ներդնել՝ ապահովելու համընդհանուր, արդյունավետ, որակյալ, մատչելի և անվտանգ պատվաստանյութերի հասանելիությունը։
Աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների ղեկավարները խորը մտահոգություն են հայտնել կայուն տնտեսական զարգացման վրա COVID-19 համավարակի ազդեցության վերաբերյալ: G20-ի ղեկավարները նաև մտադիր են համավարակի պայմաններում տարբեր հիվանդությունների դեմ նոր պատվաստանյութերի մշակման տևողությունը 300-ից կրճատել մինչև 100 օր:
Կոմյունիկեում ասվում է, որ երկրները ձգտում են դիվերսիֆիկացնել և ընդլայնել պատվաստանյութերի արտադրությունը։
Քայլեր կձեռնարկվեն նաև բնակչության կողմից պատվաստանյութերի նկատմամբ վստահության ամրապնդման ուղղությամբ։ Խոսքը, մասնավորապես, կողմնակի ազդեցությունների և դեղամիջոցների արդյունավետության վերաբերյալ ապատեղեկատվության դեմ պայքարի մասին է։
G20-ի երկրների առաջնորդները պարտավորվել են մինչև 2030 թվականն ուժեղացնել միջոցները կենսաբազմազանության կորուստը դադարեցնելու ուղղությամբ:
Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները ճանաչել են մինչև 21-րդ դարի կեսերը գլոբալ ածխածնային չեզոքության հասնելու անհրաժեշտությունը: Երկրները պայմանավորվել են ձգտել կանոնակարգված և անվտանգ կերպով վերսկսել այնպիսի միջազգային կազմակերպությունների աշխատանքն, ինչպիսիք են տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ), Առողջապահությանհամաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO), ինչպես նաև միջազգային ծովային կազմակերպությունը (IMO):
G20-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ անհրաժեշտ են արդյունավետ և նշանակալի գործողություններ՝ ջերմացումը 1,5 աստիճանի մակարդակում պահելու համար: Նրանք հայտարարել են, որ անհրաժեշտ է նպաստել էներգիայի արտադրողների և սպառողների միջև երկխոսությանը՝ միջազգային էներգետիկ ֆորումի հետ համագործակցությամբ: Հայտարարության մեջ կողմերը հավանություն են տվել արտադրողականության վերականգնմանն ու թվային տրանսֆորմացիային։ Ասվում է, որ 2021 թվականի ընթացքում գլոբալ տնտեսական ակտիվությունը վերականգնվում է կայուն տեմպերով՝ շնորհիվ մշտական քաղաքական աջակցության և պատվաստումների:
Խոշոր տնտեսությունների ղեկավարները նաև ընդունել են 2022-2024 թվականների կոռուպցիայի դեմ պայքարի գործողությունների պլանը: Երկրները պարտավորվել են աջակցել արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացմանը և ամրապնդել համագործակցությունը կիբեռհանցագործությունների դեմ պայքարում:
Բացի այդ, G20-ի երկրները ճանաչել են անօրինական միգրացիայի հոսքերի կանխման կարևորությունը և պարտավորվել քայլեր ձեռնարկել միգրանտների «լիակատար ներգրավմանը» աջակցելու համար: G20-ի երկրները նաև պարտավորվել են պահպանել զբոսաշրջության ոլորտի կայուն և արագ վերականգնումը, որն ամենաշատն է տուժել համավարակից: Հռչակագրում ասվում է, որ կողմերը հանդես են գալիս մշակութային ժառանգության պահպանության և անդառնալի մշակութային ռեսուրսների պահպանման օգտին։