ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում գերծանր քաշային (+92 կգ) կարգի 1/8 եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
Հայ մարզիկը մենամարտեց կոլումբացի Կրիստիան Սալսեդո Կոդասիի հետ և ծանր պայքարում հաղթանակ տարավ 4։1 հաշվով։
Չալոյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով հաղթել է Ուկրաինան ներկայացնող Ցոնթե Ռովագային:
Կարեն Աղամալյանի գլխավորած թիմն աշխարհի առաջնությանը ներկայացել է 11 բռնցքամարտիկով, որոնցից պայքարը շարունակում են Արթուր Հովհաննիսյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (63.5 կգ), Արման Դարչինյանը (71 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Հայաստանի 4 ներկայացուցիչներ ավելի վաղ դուրս էին մնացել պայքարից. Սեյրան Եղիկյանը (48 կգ) մեկ հաղթանակ տանելուց հետո (3:0) պարտվել է 1/8 եզրափակիչում: Գուրգեն Մադոյանը (67 կգ) ևս մեկ հաղթանակ տանելուց հետո (5:0) պարտվել է 1/16 եզրափակիչում, Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) պարտվել են մեկնարկային մենամարտերում: