ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Սիրիայում քաղաքական գործընթացը, Աֆղանստանին մարդասիրական օգնությունը, Հարավային Կովկասում դիվանագիտական քայլերը և Լիբիայի ընտրությունները: Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Առաջնորդները քննարկել են Սիրիայի քաղաքական գործընթացը, կարիքավոր աֆղանցիներին հումանիտար օգնության մատակարարումը, Լիբիայի ընտրությունները, Արևելյան Միջերկրածովյան իրադրությունն ու Հարավային Կովկասում դիվանագիտական ջանքերը», - նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակում: Հանդիպումն ընթացել է մամուլի համար փակ ռեժիմով։
Վերջին անգամ Թուրքիայի ու ԱՄՆ-ի ղեկավարները առերես հանդիպել են Բրյուսելում հունիսին կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում:
Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ առաջիկա բանակցությունների առանցքային թեման կլինի հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների մշակման ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը: