Ո՞վ կզբաղեցնի Նազելի Բաղդասարյանի տեղը ՔՊ–ում. նոր անուններ են շրջանառվում

«Հրապարակը» գրում է, որ պատգամավորական մանդատից հրաժարված Նազելի Բաղդասարյանին փոխարինողի երկու նոր թեկնածուներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՔՊ–ական պատգամավոր Նազելի Բաղդասարյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո կուսակցությունում հակված են ՔՊ խմբակցության քարտուղարի պաշտոնում կրկին կին նշանակել։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Շրջանառվում են Ծովինար Վարդանյանի՝ տերպետրոսյանական ժամանակների նախարար Գևորգ Վարդանյանի` Ժոկոյի դստեր և Արուսյակ Ջուլհակյանի անունները: Չնայած Արփի Դավոյանը ևս հավակնում է, սակայն նրա թեկնածությունը համարում են ի սկզբանե մերժված, քանի որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նրան կտրականապես դեմ կլինի»,–գրումէ թերթը։

Հարցն այն է, որ ժամանակին, երբ ՔՊ վարչությունում քննարկվել է Սիմոնյանի` ԱԺ նախագահ դառնալու հարցը, Արփի Դավոյանը կատաղի կերպով մաքառել է՝ դրա դեմն առնելու համար, բայց չի կարողացել: Իսկ ՔՊ խմբակցության ղեկավարի և քարտուղարի հարցում ԱԺ նախագահի կարծիքը վճռորոշ է: ՔՊ թիմի վերաբերմունքն էլ Դավոյանի նկատմամբ դրական չէ:
Հիշեցնենք` երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Բաղդասարյանն առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի։
Հայտնի են ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի համամասնական ցուցակների առաջին համարները
Նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 11 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: 2021-ի հունիսին կայացած ընտրություններում կրկին պատգամավոր էր ընտրվել։