ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի նախկին տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել կոռուպցիոն չարաշահման դեպքի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը` մանրամասնելով, որ դեռ 2021թ. մայիսի 22-ին էր քրեական գործ է հարուցվել կոռուպցիոն տարրերով։
Նշվում է, որ հիվանդանոցի նախկին տնօրենը 2014թ. հունվարի 1-ին որդու հետ կնքել է ավտոմեքենայի վարձակալության բովանդակությամբ կեղծ պայմանագիր:Այդ պայմանագիրը թարմացվել է մինչև 2018 թվականը։
Համաձայն այդ պայմանագրերի` հիվանդանոցի նախկին տնօրենի որդուն պատկանող «Միցուբիշի Պաջեռո Իո» ավտոմեքենան 2014-2019թթ. ընթացքում ամսական 135 000 կամ 200 000 դրամ գումարով իբրև թե վարձակալության է հանձնվել հիվանդանոցին։ Սակայն պարզվել է, որ այդ ողջ ընթացքում մեքենան հիվանդանոցի կարիքների համար չի ծառայել:
Չնայած դրան` 2014թ. հունվարից մինչև 2019թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում Չիլինգարյանի որդու բանկային հաշվին փոխանցել է 11 մլն դրամ։
Չիլինգարյանին և նրա որդուն մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խոշոր չափերի խարդախություն) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք)։
Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել Չիլինգարյանի և նրա որդուն պատկանող գույքի վրա: