ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արարատի մարզում իրականացված ուժեղացված ծառայության ժամանակ ոստիկանները նռնակ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ուժեղացված ծառայության ընթացքում Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություն են ստացել, որ 31-ամյա մի տղամարդ մեքենայում զինամթերք ունի։
Տղամարդը հայտնաբերվել է Հայանիստ գյուղում և, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել Մասիսի բաժին։
«Մերսեդեսի» զննությամբ հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի մարտական նռնակ՝ պայթուցիչով, և գաղտնի փականով դանակ։ Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։
Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։