ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի հերթական նիստը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։
«Սա մեր այս ձևաչափի չորրորդ հանդիպումն է և կարծում եմ, որ այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այն՝ որպես խոսակցության հարթակ, կարևորում ենք: Եվ այն, որ այսօր այստեղ ներկա ենք, թերևս դրա վկայությունն է, և մեր առաջիկա անելիքը թերևս պետք է լինի այս հարթակն ավելի արդյունավետ դարձնելը և իր գործունեությունը կոնկրետ արդյունքներով պսակելը: Ինչքանով դա կհաջողվի՝ մեզնից է կախված: Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, բայց մեր նպատակադրումը հենց դա է»,–ասել է Փաշինյանը։
Նա հայտնել է նաև, որ այս պահի դրությամբ ունեն մի շատ կոնկրետ որոշում` արտախորհրդարանակ ուժերի երեք ներկայացուցիչներ պետք է ներգրավված լինեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում։
Վարչապետը շեշտել է, որ ներկայում լուծումներ են փնտրվում դե յուրե այդ հարցը կազմակերպելու համար։ Նա հավելել է, որ քննիչ հանձնաժողովի աշխատանքները կմեկնարկեն միայն նախապատրաստական աշխատանքների իրականացումից հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստի ժամանակ (30 հոկտեմբերի, 2021թ․). Երևան
Նշենք, որ նիստին ներկա են գտնվել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ազատական կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Արզաքանցյանը, «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցության խորհրդակցական ժողովի հերթական նիստի ժամանակ (30 հոկտեմբերի, 2021թ․). Երևան
Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցական ժողովի առաջին նիստը կայացել էր հուլիսի 24-ին։ Դրանից հետո ևս երկու նման հանդիպում է կայացել։