ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Առնվազն երկու մարդ է զոհվել «Թալիբանի»* գրոհայինների բացած կրակի պատճառով՝ հարսանեկան արարողության ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
Նշվում է, որ թալիբները երաժշտություն լսելուց հետո հարձակվել ու մահացու կրակ են բացել հարսանեկան երեկույթում։
«Թալիբան» շարժումից հաստատել են, որ իրենց անդամները հարձակվել են հարսանեկան երեկույթի մասնակիցների վրա` միաժամանակ հայտարարելով, որ երկու մարդ ձերբակալվել է։
Ավելի վաղ Աֆղանստանում արգելվել էր հարսանիքների ժամանակ կենդանի երաժշտությունը։ Ընդ որում, որպես տոնական հյուրասիրություն կարելի է մատուցել միայն բրինձ՝ գորմեով և հացով։
Բացի այդ, խիստ պահանջներ են սահմանվել ռեստորանների և սրճարանների նկատմամբ․ այսուհետ կանայք և տղամարդիկ պետք է տոները նշեն առանձին սրահներում։
Աֆղանստանում իրավիճակը սրվել էր հունիսին՝ ամերիկյան զորքերի դուրսբերման պայմաններում։ Օգոստոսի սկզբին ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին թալիբները գրավեցին խոշոր քաղաքները և սահմանային անցակետերը։
Թալիբներն ակտիվացրին հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին մուտք գործեցին Քաբուլ և հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։ Այդ օրվանից ի վեր երկրում հաստատված է «Թալիբան» շարժման իշխանությունը։
*Ահաբեկչական շարժում, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում