Ռուս խաղաղապահներն Արցախում կապի վարժանք են անցկացրել

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերում անցկացվել է կապի համալիր վարժանք:
Sputnik
Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության խնդիրներ են կատարում, անցկացվել են կապի համալիր վարժանքներ: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

Մարզման ընթացքում մասնագետները ստուգել են հատուկ սարքավորումներն ու ռադիոկայանները, լուծումներ են մշակել կապի հաստիքային միջոցներով կառավարման կետերի և բաժանորդների միջև բաց, փակ և արբանյակային կապուղիներով կայուն և պաշտպանված կապի կազմակերպման խնդիրների համար:

Լեռնային տեղանքում գործնական մարտավարական խաղարկման ընթացքում կապավորները տեղակայել են Ռ-448 «Աուրիգա» շարժական արբանյակային կայանը և տեսակոնֆերանսի կառավարման կետեր ապահովել: Մասնագետները կատարել են կայանների տեղադրման, հավաքման և կարգավորման նորմատիվները, անխափան և կայուն կապ ապահովել դիտորդական դիրքերի հանգույցների և Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հրամանատարության միջև:
ՌԱԴԻՈ
Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված լիներ, ռուս խաղաղապահներն այնտեղ չէին լինի. քաղաքագետ
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: