ՌԱԴԻՈ

Ի՞նչ նպատակ ունի ամանորյա տոնական օրերը կրճատելու օրենքը. Աղազարյանի անձնական մոտեցումը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է օրենսդրական նախագծին, որի համաձայն` Հայաստանում կրճատվելու են ամանորյա հանգստյան օրերը։
Sputnik
Ամանորյա տոնական օրերը կրճատելու մասին օրենքը նախատեսված է նրա համար, որ մեզանում մշակույթ փոխվի, ինչպես նաև փոխվի աշխատանքի նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքը։ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Եթե վերցնենք զուտ մեկ–երկու օրվա հանգամանքը, ապա դա օրենքի ընդհանուր տրամաբանությանն այնքան էլ չի համապատասխանում, բայց վերջնական որոշումը կկայացվի քննարկումների արդյունքում։ Հարցը բավականին նուրբ է։ Անձամբ ես կարծում էի, որ ավելի ազատ մոտեցում պետք է ցուցաբերվեր այդ մասով, այսինքն` սահմանափակում պետք է լիներ, բայց ոչ շատ»,– նշեց իշխող խմբակցության պատգամավորը։

Վերոհիշյալ հարցում Մայր աթոռի վերապահումների առթիվ Աղազարյանն ընդգծեց, որ օրենքի տրամաբանությունն այդ առումով որոշակիորեն խախտվում է, առավել ևս, եթե հաշվի առնենք այն իրողությունը, որ ի տարբերություն շատ երկրների` քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած Հայաստանում պաշտոնական տոների միայն 19 տոկոսն է եկեղեցական։
Այդուհանդերձ, պատգամավորն այդ կապակցությամբ հավելեց, որ առհասարակ աշխատանքի և տոների նկատմամբ անձնական մոտեցում ունի։ Նրա կարծիքով` հասարակության մեջ առկա է չաշխատելու բացասական տրամադրություն և միտում։
Ոչ աշխատանքային օրեր պահպանել նաև հունվարի 5-ը և 7-ը. Մայր աթոռը դիմել է Ազգային ժողովին
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որի համաձայն` քաղաքացիները կհանգստանան միայն դեկտեմբերի 31-ին, հունվարի 1-ին և Սուրբ ծննդյան տոնին` հունվարի 6-ին։
Մյուս բոլոր օրերը կլինեն աշխատանքային։
Հասարակության մեջ տվյալ որոշումը միանշանակ չի ընկալվել, իսկ խորհրդարանում քննարկումներն անցել են բավականին լարված մթնոլորտում։