ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. «Հայրենիք» կուսակցությունը կմասնակցի դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Տեղեկությունը հայտնում է կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը` Facebook–ի իր էջում մանրամասներ ներկայացնելով։
«Կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը: Նիստին քննարկվել են «Հայրենիք» կուսակցության գործունեությանը և ներքաղաքական խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր: Արդյունքում կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել 2021թ. դեկտեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին»,–գրել է նա։
Մասնավորապես, Աշտարակ համայնքում կուսակցության ավագանու ցուցակը գլխավորելու է Ազատ Զաքարյանը, Արտաշատում՝ Անդրանիկ Կիրակոսյանը, Սպիտակում՝ Կարեն Թեմուրյանը, Վայքում՝ Թարո Ավետյանը, Վանաձորում՝ Վահե Դոխոյանը:
Հիշեցնենք, որ ՔՊ–ի ցուցակը ևս հրապարակվել է։ Այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ կայացել են հոկտեմբերի 17-ին։ Ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: