Հայաստանի սիրով վարակում եմ բոլորին․ իտալացի պրոֆեսորը 20 տարի է՝ գրաբար է դասավանդում

Մարկո Բայսը երբեք չի զղջացել հենց հայագիտությունն ընտրելու համար։ Իսկ առաջին անգամ Հայաստան այցելելուց հետո է՛լ ավելի է սիրում իր աշխատանքն ու մեր երկիրը։
Sputnik
Իտալիայի հայրապետական արևելյան ինստիտուտի պրոֆեսոր Մարկո Բայսն արդեն քսան տարի է, ինչ ուսումնասիրություններ է կատարում հայագիտության ոլորտում. հին հայերեն (գրաբար) և հին Հայաստանի պատմություն է դասավանդում բուհի ուսանողներին: Հայոց լեզվի հանդեպ սիրով նա փորձում է «վարակել» իր յուրաքանչյուր ուսանողի, միաժամանակ նրանց մոտ սեփական աչքերով Հայաստանը տեսնելու ցանկություն արթնացնելով։ Այս մասին նա խոստովանեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Պրոֆեսորն ինքը Բոլոնիայի համալսարանում է սովորել, որտեղ հնդեվրոպական լեզուներ է ուսումնասիրել։ Նրան գրավել է գրաբարի մեղեդայնությունը, և նա ցանկացել է իմանալ դրա բոլոր նրբությունները։ Որքան ավելի երկար էր ուսումնասիրում լեզուն և պատմությունը, այնքան շատ էր նրան դուր գալիս իր մասնագիտությունը։ Հետո ծնվեց Հայաստան այցելելու երազանքը։
«Առաջին անգամ Հայաստան այցելեցի 1993 թ․-ին։ Այն ժամանակ, չնայած բարդ ժամանակներին ու տնտեսական խնդիրներին, ինձ շատ ջերմորեն դիմավորեցին, հայերի հյուրընկալությունն ինձ ամեն օր զարմացնում էր։ Ես շատ ուրախ եմ, որ հենց այն ժամանակ եկա, քանի որ հնարավորություն ունեցա ճանաչել և սիրել հայերի հոգին, իսկ դա քչերին է վիճակվում»,-պատմում է Բայսը։
Մարկո Բայս
Հայագետը հաճախ է այցելում Հայաստան, նույնիսկ գիտությունների հայկական ակադեմիայի պատվավոր դոկտոր է դարձել։ Վերջին անգամ նա այստեղ եղել է 2019 թ․-ին և հաճելիորեն զարմացել. երկիրն ամեն տարի փոխվում է, գնալով ավելի լուսավոր ու դրական է դառնում: Դա հատկապես նկատելի է 1993թ․-ի համեմատ, երբ Բայսն առաջին անգամ այցելել էր Երևան։
Ֆրանսիայի դեսպանը հայերեն մաղթանք է հղել Հայաստանին
«Իտալիայում ես հայ ընկերներ չունեմ, բայց Հայաստանում նրանք շատ են, և ամեն անգամ, երբ գալիս եմ, տոն է դառնում։ Ինձ արդեն սովորեցրել են ճիշտ խաշ ուտել՝ չոր լավաշով, նաև խորոված՝ հենց մանղալի մոտ»,-խոստովանում է նա։
Բայսը հավատացնում է, որ հայերն ու իտալացիները շատ նման են իրենց բացսիրտ և ընկերասեր բնույթով։ Հենց այդ պատճառով էլ նա Երևանում իրեն տանն է զգում և մեծ հաճույքով է ծրագրում յուրաքանչյուր այցելությունը, անգամ աշխատանքային։ Եվ մեծ հաճույքով էլ աշխատում է․ նրա համար ոգևորող է այն փաստը, որ ինքը կարդում և ուսումնասիրում է մի լեզու, որը չեն հասկանում անգամ հայերի մեծ մասը։

«Ես կարդում եմ ինչպես գրաբարով, այնպես էլ ժամանակակից հայերենով։ Շատ եմ սիրում Ղազար Փարպեցու աշխատանքները և անգամ իտալերեն եմ թարգմանել դրանք, իսկ հիմա թարգմանում եմ Թովմա Մեծոպեցու աշխատանքները։ Դա շատ հետաքրքիր է, ինձ գրավում է հին աշխարհը։ Այնտեղ են ժամանակակից աշխարհի շատ հանելուկների բանալիները»,-կարծում է Բայսը։

Պատասխանելով հարցին, թե ինչ է խորհուրդ տալիս կարդալ իր հայագետ ուսանողներին, պրոֆեսորը, մի քիչ մտածելուց հետո սկսեց թվարկել իր սիրելի հեղինակներին` 5-րդ դարի պատմիչ Ագաթանգեղոս և փիլիսոփա Եզնիկ Կողբացի։ Իսկ որպես «աղանդեր» Բայսը բացարձակապես բոլորին խորհուրդ է տալիս միջնադարյան հայ բանաստեղծ, փիլիսոփա և աստավածաբան Գրիգոր Նարեկացու աշխատությունները։
-Ինչո՞ւ հենց Նարեկացի։
-Նրան դժվար է հասկանալ, նա տիեզերական է գրում և անջնջելի հետք է թողնում հոգում։
Մի անտեսեք հնարավորությունները. Կարելինը` Հայաստանի ու հայերի հետ հարաբերությունների մասին
Նշենք, որ 2015թ.-ի փետրվարին Վատիկանը Գրիգոր Նարեկացուն կնքել էր Տիեզերական Եկեղեցու Վարդապետ։ Նրա բրոնզե արձանը Վատիկանում տեղադրվեց 2018 թ․-ի մարտի 21-ին։ Մեկ ամիս անց Հռոմի պապ Ֆրանցիսկոսն օծեց հուշարձանը։