ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը երկրի վրա նոր վիրուսի առաջացում է կանխատեսում: Այդ մասին ԱՀԿ ղեկավարը հայտնել է «Մեծ քսանյակի» (G20) առողջապահության և ֆինանսների նախարարների հետ հանդիպման ընթացքում։
«Կենսաբանական տեսանկյունից անվիճելի է, որ երբևէ մեկ այլ վարակ կհայտնվի, որը մենք պարզապես ի վիճակի չենք լինի սանձել»,-հայտարարել է Գեբրեյսուսը։
Նա ընդգծել է, որ մարդկությունը պետք է դասեր քաղի կորոնավիրուսի ներկայիս համավարակից։ Նրա խոսքով՝ աշխարհը միայն այդ կերպ կարող է նախապատրաստվել հաջորդին։
Գեբրեյեսուսը նշել է, որ համաշխարհային հանրությանն անհրաժեշտ է «ուժեղացված» ԱՀԿ, նոր ֆինանսական մեխանիզմ՝ համավարակների դեմ պայքարն ապահովելու համար և առավել արդյունավետ կառավարում՝ առողջապահության ոլորտում սպառնալիքների դեմ պայքարի ֆինանսավորման խորհրդի ստեղծման և համավարակների դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրման տեսքով:
Այս հարցի վերաբերյալ որոշումը նախատեսվում է ընդունել Առողջապահության համաշխարհային ասամբլեայի հատուկ նստաշրջանում, որը նախատեսված է նոյեմբերին:
Իր ելույթի ընթացքում ԱՀԿ-ի ղեկավարը ուշադրություն է հրավիրել պատվաստանյութերի հասանելիության հարցում աշխարհում հավասարության բացակայության վրա: Նա նշել է, որ հիմա կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված են մոլորակի բնակիչների 36 տոկոսը: Դրա հետ մեկտեղ, նրա տվյալներով, Աֆրիկայում այդ ցուցանիշը կազմում է «ընդամենը 6 տոկոս»:
Գեբրեյեսուսը հատուկ ընդգծել է, որ պատվաստանյութերը կարող են փրկել կյանքը, սակայն չեն կարող դադարեցնել վիրուսի փոխանցումը: Այդ կապակցությամբ նա երկրներին կոչ է արել օգտագործել բոլոր գործիքները, առողջապահության և սոցիալական ոլորտում մշակված միջոցառումները ներառյալ, «թեստավորման, բուժման և պատվաստանյութերի հետ համատեղ»: