ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ և «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության» կազմկոմիտեի ղեկավար Արամ Սարգսյանը Երևանում կազմակերպել է փորձագիտական հանրության մասնակցությամբ լսումներ՝ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության` որպես սուբյեկտի օրինականությունը ճանաչելու հարցով:
Sputnik Արմենիայի հետ զրույցում Սարգսյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօր մնացել է առանց օրակարգի ։ Իսկ Ադրբեջանն առհասարակ հայտարարում է, թե Ղարաբաղյան խնդիր գոյություն չունի։ Նրա համոզմամբ՝ այս ֆոնին Հայաստանի իշխանությունները շատ իներտ դիրքորոշում են որդեգրել։
«Ուստի մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է բարձրացնել Արցախի Հանրապետության՝ որպես սուբյեկտի կազմավորման օրինականության ճանաչման հարցը։ Դա կարգավիճակի որոշման ապագա բանակցությունների հիմքը կդառնա։ Եթե հայկական կողմն այդ գործընթացը չսկսի` մենք մեր միջազգային գործընկերներից պահանջելու բան չենք ունենա»,-նշեց նա։
Միևնույն ժամանակ Դեմոկրատական կուսակցության առաջնորդն ընդգծեց, որ Արցախի Հանրապետության՝ որպես սուբյեկտ կազմավորման օրինականության ճանաչումը չի նշանակում Արցախի Հանրապետության ճանաչում: Սա ընդամենը Հայաստանի կողմից հանրապետության հռչակման ընթացակարգերի օրինականության ճանաչում է։
Նշենք, որ լսումներին մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Լսումների արդյունքում դիմում-ուղերձ հղվեց Հայաստանի խորհրդարանին՝ տվյալ հարցը քննարկելու և Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության կազմավորման լեգիտիմությունը ճանաչելու մասին համապատասխան հայտարարությամբ հանդես գալու նպատակով:
Նոյեմբերի 1–ին դիմումը կներկայացվի խորհրդարան։