ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերի 1-ից կորոնավիրուսի հետ կապված հակահամաճարակային նոր կարգավորում կգործի։ Կառավարության «Հրապարակում» հաղորդման ժամանակ այս մասին ասել է ՀՎԿԱԿ հարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Այն քաղաքացիները, որոնք աշխատում են և պատվաստվել են առաջին դեղաչափով, եթե խախտեն առաջին և երկրորդ դեղաչափի միջև պատվաստման ժամկետները, ապա գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտման բացասական արդյունք»,–ասել է Աբովյանը։
Նրա խոսքով` քննարկվում է նաև ժամանցի վայրեր QR կոդով կամ էլ ՊՇՌ պատասխանով մուտք գործելու հարցը։ Լոքդաունի մասին առայժմ խոսք չկա։
Ըստ Աբովյանի` չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Աբովյանի խոսքով` արդեն իսկ սահմանափակումների նախագիծը պատրաստ է, և առաջիկայում այն շրջանառության մեջ կդնեն։
Մասնագետը հավելեց նաև, որ ըստ ԵՄ չափանիշների` ՀՀ–ն մուգ կարմիր գոտում է, քանի որ Հայաստանում հիվանդացության ցուցանիշը 888 է` սահմանային 500-ի փոխարեն։