Շմոլ գազից երեխաներ են թունավորվել. նրանք տեղափոխվել են «Մուրացան» հիվանդանոց

Հիվանդանոց
Երեխաներից ամենափոքրը 3 ամսական է, ամենամեծը` 15 տարեկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Քիչ առաջ շմոլ գազից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 ամսական, 4, 8, 11 և 15 տարեկան երեխաներ։ Տեղեկությունը հայտնում է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«5 անչափահաս երեխաների վիճակը գնահատվում է միջին ծանրության»,– Facebook-ի իր էջում գրել է Դանիելյանը։
Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Կարբի գյուղում քույրեր էին մահացել` 11–ամյա Ս.Ն–ն և 19–ամյա Շ. Ն–ն։ ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 26-ին հայտնել էր, որ մահացած քույրերի տան բակում տեղադրված է եղել տնայնագործական պայմաններում պատրաստված գազաբալոնային համակարգ։ Գազի վթարային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան սարքի միջոցով կատարված ստուգման արդյունքում պարզվել էր, որ խոհանոցում գազի արտահոսք է եղել։