ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության երկրներում արդար սակագների ներդրման ծրագիրը, ինչը նշանակում է, որ քայլեր կձեռնարկվեն ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը վերացնելու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի կոլեգիան վերանայել է ԵԱՏՄ երկրների օրենսդրությունը կապի ոլորտում, ուսումնասիրել ռոումինգի վերացման համաշխարհային փորձը, այդ թվում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն ասոցիացիաների շրջանակներում։
ԵԱՏՀ նախարար Արման Շակալիևի խոսքով` հաղորդակցության ազատությունը եվրասիական նախագծի չորս ազատությունների իրականացման առանցքային հիմքերից մեկն է։
«Մենք վերլուծել ենք ռոումինգում բջջային ծառայությունների գները ԵԱՏՄ երկրների տարածքներում, ուսումնասիրել ենք հնարավոր ռիսկերը, գնահատել ենք ռոումինգի սակագները տեղական սակագներին հնարավորինս մոտեցնելու հնարավորությունը»,- ասել է Շակալիևը։
Միջոցառումների ամբողջական ներդրումը նախատեսվում է ավարտել 2025-ին։
Հիշեցնենք, որ բացի կապի միասնական շուկայից, ԵԱՏՄ երկրներն աշխատում են նաև էլեկտրաէներգիայի և գազի միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որի անդամներն են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանն ու Ռուսաստանը։