ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում գործող «Աժդանակ» ընկերությունը հայտարարել է իր գործունեությունը դադարեցնելու մասին։ Համաձայն ընկերության հայտարարության՝ պատճառը իրավապահների գործողություններն են։
«Առավոտյան Կապանի ոստիկանության բաժնի աշխատակիցները ժամանեցին ընկերություն և ներկայացրեցին քննիչի պահանջ, որով ընկերության ամբողջ շահագործվող տեխնիկական միջոցները պետք է տեղափոխվեն Կապանի ոստիկանության տարածք փորձաքննության, ինչը անօրինական է, անտրամաբանական և անընդունելի։ Այս ամենի արդյունքում ընկերությունը ստիպված է դադարեցնել իր գործունեությունը։ Այսօրվանից ընկերությունից սնվող1500 մարդ կմնա առանց կայուն եկամուտի», - ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ իրավապահների կողմից «ամենատարբեր ճնշումներով ստուգումներ» են եղել ընկերությունում շուրջ երկու տարի։
«Աժդանակ» ընկերությունը գործում է Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղում։ Այն իրականացնում է շինարարական և բեռնափոխադրող աշխատանքներ։ Ունի մոտ 1500 աշխատող։ Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի 56-րդ հորիզոնականում է, վերջին 6 ամսում 1 մլրդ 807 մլն դրամ հարկ է վճարել։
Նշենք, որ «Աժդանակ» ՍՊԸ-ի տնօրեն Արման Մկրտչյանը պատասխանատվության էր ենթարկվել 2019–ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը չներկայացնելու համար։