ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ավտոշարասյան մեքենաներից մեկը վթարի է ենթարկվել Հռոմում։ Տեղեկությունը հայտնում է Սպիտակ տունը։
«Նախագահական ավտոշարասյան մեքենան, Վատիկանից դեպի Քվիրինալյան պալատ (նախագահի նստավայր - խմբ․) ընթանալիս, թեթև վթարի է ենթարկվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել, սակայն բժշկական անձնակազմը զննել է ուղևորներին։
Ջո Բայդենն այսօր այցելել է Վատիկան, որտեղ հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ապա Քվիրինալյան պալատում հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հետ։