ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Քաղաքացին ինքնասպանության իրավունք ունի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հացադուլը, գրում է «Նովոստի Գրուզիան»։
«Օրենքն ասում է, որ մարդն իրավունք ունի ինքնասպանության։ Բնականաբար, պետությունը պատասխանատվություն չի ստանձնում այդ որոշման համար»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա ասել է, որ նախկին նախագահի վաղաժամկետ ազատման և Ուկրաինա տեղափոխման մասին խոսք լինել չի կարող․ դա կնշանակի, որ իշխանությունները չեն հարգում երկրի օրենքները։
Հիշեցնենք` Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու գործով: Առաջինով նա դատապարտվել է 3 տարվա, երկրորդով՝ 6 տարվա ազատազրկման։ Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007թ․-ի նոյեմբերի 7-ին ընդդիմադիր հանրահավաքը ցրելու, «Իմեդի» հեռուստաալիքում իրականացված հարձակման և պետբյուջեի միջոցների մսխման գործերով։ Այդ գործերը դատարանները դեռ քննում են, դատավճիռներ առայժմ չեն կայացվել։