ՌԱԴԻՈ

Ինչպես են Հայաստանում պատժելու պոլիէթիլենային տոպրակ վաճառող տնտեսվարողներին

Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ վերահսկող մարմինները լիազորված են յուրաքանչյուր անգամ խախտում արձանագրելիս տուգանել տնտեսվարողին։
Sputnik
Տարիներ շարունակ Հայաստանում քննարկում են պոլիէթիլենային տոպրակների կիրառությունը արգելելու հարցը, սակայն սայլը տեղից չի շարժվում։ Այդօրինակ տոպրակների արտադրությամբ զբաղվող գործարարները շարունակում են դրանց արտադրությունը, իսկ խանութները` ապրանքն այդ տոպրակներով տրամադրելու ավանդույթը։ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ 2022 թվականի հունվարի 1-ից համապատասխան կառույցները ստիպված կլինեն մինչև 50 միկրոն պլաստիկե տոպրակներ օգտագործող տնտեսվարողներին տուգանել։

«Վարչական իրավախախտումների մասին օրենքով նախատեսված է վարչական տույժ` 30.000 դրամ, պատասխանատուները ՏԻՄ-երն են, որոնք պետք է այդ վերահսկողություն իրականացնեն, եթե տվյալ առևտրի կետում խախտում արձանագրեն»,- նշեց նա։

Տուգանքի համար սահմանաչափ նախատեսված չէ. վերահսկող մարմինները լիազորված են յուրաքանչյուր անգամ խախտում արձանագրելիս տուգանել տնտեսվարողին։ Ավետիսյանը հավաստիացրեց, որ նախագծի բոլոր քննարկումների ժամանակ իրենք պատշաճ կերպով ծանուցել են շահագրգիռ կողմերին, և քննարկումներն անցկացվել են նրանց մասնակցությամբ։ Վերջնարդյունքում հանգել են նրան, որ տնտեսվարողները չեն պատրաստվում նորամուծության հետ հաշտվել։
«Արտադրողներն անգամ չեն էլ փորձել որևէ կերպ ադապտացվել օրենքին։ Փորձել ենք նաև նրանց կապել կենսաքայքայվող հումք ներկրողի հետ, ինչը հաստոցների փոփոխություն չի պահանջում, այսինքն` մեկ այլ հումքով տոպրակները կարող են արտադրվել, որոնք արգելված չեն, ինչպես հասկանում ենք, արտադրողների կողմից պատրաստակամությունն այդքան էլ մեծ չէ»,- հավելեց Ավետիսյանը։
Կառավարությունը հիշեցնում է՝ հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների վաճառքը
Հունվարի մեկից հայաստանյան մանրածախ առևտրի կետերում այլևս չեն առաջարկի 50 միկրոնից ցածր պոլիէթիլենային տոպրակներ, կթույլատրվեն միայն կշռափաթեթավորման համար նախատեսված առանց բռնակների պարկերը։ Չեն արգելվելու նաև երկրորդային հումքից պատրաստված տոպրակները։
Մասնագետները հորդորում են կիրառել բազմակի օգտագործման տոպրակներ։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելն արդեն որոշ տնտեսվարողներ անցել են այլընտրանքային թղթե տոպրակների, փոքր արտադրողներն էլ կտորե պայուսակներ են կարում։
Փաշինյանը խանութում հրաժարվել է պոլիէթիլենային տոպրակներ օգտագործել. լուսանկար