ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցմամբ արդար դատաքննությունը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության շրջանակներում 3-4 ամիս անց զեկույցներ կներկայացվեն։
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, քննիչ հանձնաժողովի նախագահ Արամ Վարդևանյանը։
«Մենք լուծելու ենք բոլոր խնդիրները, որ մեր առջև դրել ենք։ Ամենաուշը 3-4 ամիս անց կլինի զեկույց դատավորների համակարգչային մակագրման համակարգի խաթարման վերաբերյալ, ինչպես նաև դատավորների սելեկտիվ կարգապահական վարույթներ սահմանելու վերաբերյալ»,– ասաց Վարդևանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ իշխանական կողմը չմասնակցեց հանձնաժողովի անդամների թիվը հաստատելու վերաբերյալ քվեարկությանը, հետևաբար, իրենք ներգրավված չեն լինի այդ աշխատանքներին։
«Մեր հանձնաժողովը ստեղծվել է օրենքի ուժով և դրական եմ համարում այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը։ Ավելի հանգիստ ու անկաշկանդ միջավայր կլինի նաև բոլոր պատասխանատուների համար, որպեսզի գան ու բաց խոսեն»,– նշեց Վարդևանյանը։
Նշենք, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար ԱԺ նախագահին էին դիմել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները։
Հանձնաժողովը ստեղծվել է հոկտեմբերի 25-ին։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաև դատարաններում գործերի՝ օրենքով սահմանված բաշխման կարգի խախտումները։
2020 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ արդարադատության նախարարության կողմից անհամեմատ ավելի մեծ ծավալի կարգապահական վարույթներ սկսեցին հարուցվել դատավորների, հատկապես քրեական մասնագիտացում ունեցողների նկատմամբ։
Միաժամանակ, 2021 թվականի հուլիսից առհասարակ խափանվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով որպես հիմնական միջոց սահմանված դատարաններում գործերի բաշխման համակարգչային ծրագիրը։