ՀՀ նախագահը «Ատլանտյան խորհրդի» անդամների հետ խոսել է Բաքվում պահվող հայ գերիների մասին

«Ատլանտյան խորհուրդը» միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրման օրվանից ի վեր իրականացնում է տարատեսակ ծրագրեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Ատլանտյան խորհուրդ» ամերիկյան վերլուծական կենտրոնի անդամների հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության, 44-օրյա պատերազմի, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ հարցերի մասին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Նախագահը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Արցախի հարցի էությունը, խոսել 44-օրյա պատերազմի և դրա հետևանքով առաջացած մարդասիրական խնդիրների մասին։ Նա նաև արձանագրել է, որ Ադրբեջանը մինչ օրս չի վերադարձնում հայ ռազմագերիներին»,– նշում են Սարգսյանի աշխատակազմից:

Անդրադառնալով ժամանակակից աշխարհին՝ Սարգսյանը նշել է, որ տեխնոլոգիական ու գիտական վերջին փոփոխություններն այն դարձրել են անկանխատեսելի ու անկայուն: Նա ընդգծել է, որ նման աշխարհում սեփական տեղն ունենալու և հաջողակ դառնալու կարևորագույն գրավականը մարդկային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելն է:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ատլանտյան խորհրդի» անդամների հետ
Նշենք, որ նախքան Հայաստան այցելելը, կենտրոնի անդամները եղել են Ադրբեջանում և Վրաստանում: Տարածաշրջանային այցի նպատակն է ուսումնասիրել իրադրությունը հարավկովկասյան 3 հանրապետությունում, այդ երկրներում ժողովրդավարության ու ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը, ինչպես նաև հասկանալ տարածաշրջանային իրողությունների պատճառներն ու հնարավոր զարգացումները:
ՀՀ–ն գնահատում է Վատիկանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության և հայ գերիների հարցում․ ԱԳՆ
«Ատլանտյան խորհուրդը» միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոն է, որը հիմնադրվել է 1961 թվականին: Հիմնադրման օրվանից ի վեր խորհուրդն իրականացնում է տարատեսակ ծրագրեր, որոնց նպատակն է քննարկել և ուսումնասիրել միջազգային քաղաքական, տնտեսական ու անվտանգային խնդիրները: