ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունը երեկ իր խորհրդի կազմով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ է հանդիպել։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամին այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Նա հայտնեց նաև, որ մինչ այդ էլ առանձին հանդիպումներ են ունեցել։
«Այս հանդիպումը երկարաձգվեց, քանի որ ՌԴ դեսպանը որոշակի անձնական խնդիրներ ուներ։ Կոպիրկինի հետ հանդիպմանը ներկայացրել ենք առկա իրադրությունը, մեր խմբակցության տեսակետները ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի առնչությամբ։ Բացի այդ, քննարկել ենք նաև Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը` կարևորելով հայ–ռուսական համագործակցությունը»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` անդրադարձ է կատարվել նաև միացյալ զորախմբին, սահմանապահների գործունեությանը։ Բացի այդ, որոշակի հարցեր են քննարկել, որոնց մասին բարձրաձայնել չի կարող։
Անդրադառնալով լուրերին, թե նոյեմբերի 9-ին սպասվում է Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան եռակողմ հանդիպում, որի շրջանակներում հնարավոր է նոր փաստաթուղթ ստորագրվի` Օհանյանը նշեց, որ Կոպիրկինից հետաքրքրվել են այդ մասին։
ՌԴ դեսպանը, սակայն, պատասխանել է, որ լիարժեք տեղեկություն չունի այդ մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ այս պահին որևէ հանդիպում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի ֆորմատով նախատեսված չէ։
Նրա խոսքով` այս պահին քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և, ենթադրաբար, այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում։