Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը կհետաձգվի

Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը տեղափոխվել է 2022 թվական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հետաձգվել է. այն տեղի կունենա 2022թ. նոյեմբերին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ–ն` հավելելով, որ երեկ առցանց ձևաչափով կայացել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը։
Նիստի մասնակից երկրները հավանություն են տվել Թունիսի առաջարկին՝ հետաձգելու այս տարվա գագաթնաժողովը և այն տեղափոխել 2022թ.:
Աֆրիկա՛, գալիս ենք. հայկական բիզնեսի համար «ֆրանկոֆոն» պատուհան կբացվի
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրել է կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Նա իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր Հայաստանին և ՀՀ կառավարությանը՝ կազմակերպությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար։
Նշենք, որ նիստին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ տարբեր երկրներում այս պահին կորոնավիրուսով վարակվածության տեմպերն աճում են։