ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին մերժել են տրամադրել Ապրլյան քննիչ հանձնաժողովի` ԱԺ–ում գտնվող նյութերը։ Նա այս մասին հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամին։
«Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նյութերն այս պահին գտնվում են ԱԺ–ում և պատգամավորները պետք է գաղտնի ինֆորմացիային տիրապետելու որոշակի թույլտվություն ունենան։ Առաջիններից մեկը ես եմ եղել, որ փաստաթղթեր եմ ներկայացրել, սակայն այդ թույլտվությունն ինձ ինչ–ինչ պատճառներով չեն տվել։ Սակայն ես ավելի բարձր տեղեկությունների եմ տիրապետում»,–ասաց Օհանյանը։
Նրա խոսքով` Ապրիլյան պատերազմի հանձնաժողովի նախաձեռնությունն իրենն է եղել. այնտեղ ամբողջությամբ ամփոփել են դրական կողմերն ու ներկայացրել բոլոր այն բացասական երևույթները, որոնց ուղղությամբ աշխատանքներ պետք է կատարվեն։ Օհանյանը վստահեցնում է` իր համար այդ հանձնաժողովի աշխատանքների գաղտնիության հետ կապված որևէ խնդիր չկա` ամբողջությամբ տիրապետում է մանրամասներին։
Օհանյանը կարծում է, որ պատգամավորների նկատմամբ իշխանության նմանատիպ վերաբերմունքը ճիշտ չէ։