ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ռիգայում ընթացող «Greater Swiss» շախմատի միջազգային խոշոր մրցաշարի երկրորդ տուրը հաջող է անցել հայ մասնակիցների համար։ Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ սպիտակներով հաղթելով Ռուսաստանը ներկայացնող Սանան Սյուգիրովին։
Միավոր է վաստակել նաև Գաբրիել Սարգսյանը, նա հաղթել է ուկրաինացի Մարտին Կրավցիվին։
Մեր մյուս շախմատիստները ոչ ոքիով են ավարտել պարտիաները՝ Լևոն Արոնյանը ռուս գրոսմայստեր Անտոն Դեմչենկոյի հետ, Սամվել Տեր-Սահակյանը՝ ուզբեկ Նոդիրբեկ Աբդուսատորովի, Սերգեյ Մովսիսյանը՝ ռուս Կիրիլ Ալեքսեենկոյի, Հայկ Մարտիրոսյանը՝ ուկրաինացի Պավել Էլյանովի հետ։
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը։ Երեք տուրից հետո նա 2,5 միավորով կիսում է երկրորդ տեղը։
Ռիգայում ընթացող շախմատային մրցաշարում Հայաստանը ներկայացված է յոթ գրոսմայստերներով։ Մրցաշարում խաղարկվում է հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր։ Մրցանակային ֆոնդը կազմում է 425 հազար դոլար։