ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին և քննարկել ՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրները, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Արարատ Միրզոյանը շնորհավորել է նրան Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք ընտրվելու կապակցությամբ և հաջողություն է մաղթել իր բարձր հոգևոր առաքելությունը կյանքի կոչելու մեջ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Այս համատեքստում կարևորվել է սփյուռքի կրթական, մշակութային և հոգևոր կառույցների հետ կապերի ամրապնդումն ու խորացումը։
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքի հայ համայնքների, մասնավորապես՝ լիբանանահայ համայնքի առջև ծառացած խնդիրների շուրջ։
Նշենք, որ այսօր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել այս տարվա սեպտեմբերին։