ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը անխուսափելիորեն պետք է լինի, որպեսզի որևէ շահարկում չլինի։ ԱԺ–ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու մինչ օրս չի ստեղծվել այդ հանձնաժողովը, որի ստեղծման ձգձգման համար էլ ընդդիմադիրները մեղադրում են իշխանությանը։ Ի պատասխան Քոչարյանը նշեց, թե չի լսել նման մեղադրանքներ, քանի որ դրանք արդարացված չէին լինի։
«Մենք հապաղել ենք, որ իրենք իրենց փաստաթղթերը կարգի բերեն։ Ընդդիմադիր մեր գործընկերներից երեքը ստացել են փաստաթղթերը, և միայն Արթուր Ղազինյանը չի ստացել այն, քանի որ չի էլ ներկայացրել գաղտնի տեղեկություններին տիրապետելու թույլտվության համապատասխան փաստաթղթերը։ Այնպես որ մենք հապաղում ենք, որ վաղը ընդդիմությունը մեզ չմեղադրի, թե դուք շուտ սկսեցիք, որ մենք չմասնակցենք»,–ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով` քննիչ հանձնաժողովի աշխատանքները սկսելու համար ամեն ինչ պատրաստ է, սակայն մեկ շաբաթ էլ կսպասեն Ղազինյանին։
ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան էլ նշեց, թե հենց իրենք են առաջին շահագրգիռ կողմը եղել 44-օրյա պատերազմի բոլոր դրվագների բացահայտման համար, ուստի հապաղելու մեղադրանքներն անհիմն են։
Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 26–ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր` արցախյան վերջին պատերազմի քննիչ հանձնաժողով կստեղծվի: 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովի աշխատանքներին պետք է մասնակցեն նաև զինծառայողների հարազատները: