Քննարկվում է բաց տարածությունում դիմակ դնելու հարցը. Փաշինյանն իր ընտանիքն օրինակ բերեց

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը պատմեց, որ իր 14-ամյա աղջիկը վերջերս կորոնավիրուսով էր վարակվել, որի մասին մեկ շաբաթ անց են իմացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Չի բացառվում, որ առաջիկայում դիմակ դնելը պարտադիր լինի նաև բաց տարածքներում։ Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը ծայրահեղ լարված է։ Չնայած սրան, չպետք է լոքդաունի գնանք, այլ պետք է դիմակների կրման ռեժիմը խստացվի։ Հիմա քննարկում ենք բաց տարածություններում դիմակ կրելը պարտադիր դարձնելու հարցը, և չեմ բացառում, որ նման որոշում կկայացնենք»,–ասաց Փաշինյանը։
Կորոնավիրուսով վարակված 122 հղի կա, որոնցից 53-ը թթվածնային կախյալ են. Ավանեսյան
Նա ներկայացրեց իր ընտանիքի պատմությունը։ Փաշինյանն ասաց, որ իր ընտանիքի 6 անդամներից բոլոր ավագները պատվաստվել են, բացի երկու երեխաներից։ Սակայն վերջերս նրա 14-ամյա դուստրն է կորոնավիրուսով վարակվել, որի մասին մեկ շաբաթ անց են իմացել։
«Մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց նրանից։ Այսինքն` մենք տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը։ Ցավոք, պատվաստման գործընթացում կեղծարարությունները շարունակվում են և մեկ տասնյակից ավել բուժաշխատողներ ունենք քրեական գործերով անցնող և 6 կալանավորված` պատվաստման կեղծ սերտիֆիկատ տալու համար»,–ասաց Փաշինյանը։
Ինչո՞ւ է Հայաստանում կորոնավարակակիրների թիվն ու մահացության ցուցանիշն ավելանում
Նա հավելեց, որ ՀՀ–ում կան համապատասխան չափով պատվաստանյութեր բնակչությանը պատվաստելու համար։
Նշենք, որ վերջին մեկ օրվա տվյալներով` Հայատանում կորոնավիորւսով վարակվել է 2307 մարդ, գրանցվել է մահվան 38 դեպք։