ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Այս ոլորտում վերջին օրենսդրական բարեփոխումները ներկայացրել է արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը:
Զեկուցվել է, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի կայացման շրջանակում հաշվետու ժամանակահատվածում ԱԺ-ի կողմից ընդունվել է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթը: Վերջինիս ձևավորման մեկնարկն ապահովելու նպատակով կայացել է կոմիտեի նախագահի մրցույթը, որի արդյունքներով սեպտեմբերի 16-ին կոմիտեի նախագահ է նշանակվել Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Սասուն Խաչատրյանը։ Միաժամանակ, Հատուկ քննչական ծառայությունից 30 քննիչներ Հակակոռուպցիոն կոմիտեում նշանակվել են ինքնավար պաշտոններում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատարներ, մինչև մրցութային ընթացակարգերով տվյալ պաշտոնների համալրումը: Աշխատանքներ են իրականացվում Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանման ձևավորման իրավական հիմքերի սահմանման ուղղությամբ: Զուգահեռաբար աշխատանքներ են տարվում Հակակոռուպցիոն կոմիտեի շենքային պայմանների ստեղծման ուղղությամբ:
Այս տարվա ապրիլի 14-ին Ազգային ժողովն ընդունվել է «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենք և հարակից օրենքները, որոնք ուղղված են Հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ստեղծմանը:
«Օրենսդրական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դատավորների թվակազմն ավելացնելու համաձայնություն ստանալու համար դիմելու է կառավարություն՝ 1) հակակոռուպցիոն դատարանում՝ տասնհինգ դատավորով. 2) վերաքննիչ քրեական դատարանում՝ վեց դատավորով. 3) վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ վեց դատավորով. 4) վճռաբեկ դատարանի քրեական պալատում՝ երկու դատավորով ավելացնելու համար: Կառավարության համաձայնությունը հնգօրյա ժամկետում ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնելու է դատավորների թվակազմը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Խորհրդարանն ընդունել է նաև «Դատախազության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը։ Այս փոփոխություններով կոռուպցիոն գործերի մինչդատական վերահսկողությունը վարելու է Գլխավոր դատախազության առանձին ստորաբաժանումը: Այդ ստորաբաժանման դատախազների համար նախատեսվել է բարեվարքության ստուգման կառուցակարգ։ Նման ընթացակարգ նախատեսված է նաև գլխավոր դատախազի և նրա տեղակալների համար։
Այլ օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ ընդլայնվել է հարկային հայտարարագրեր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակը, ներդրվել է ծախսերը, անձի կողմից փաստացի տիրապետվող գույքը հայտարարագրելու պահանջ: Այսուհետև պետք է հայտարարագրվի նաև այն գույքը, որից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է հայտարարատուն: Նվազեցվել է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի դրամական շեմը՝ 8 միլիոն դրամի փոխարեն սահմանվել է 4 միլիոն դրամ։
Օրենսդրական փաթեթ է ընդունվել է նաև իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման համար, որի շրջանակներում ստեղծվել է ձեռնարկությունների բաց ռեեստր։ Հանրապետության իրավաբանական անձանց պահանջ է ներկայացվել բացահայտել նրանց անունները, ովքեր, ի վերջո, օգուտ են ստանում:
Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար ընդունվել է նոր «Քրեական օրենսգիրքը», վերանայվել են կոռուպցիոն հանցագործությունների հանցակազմերը, ներդրվել է իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը: