ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Առաջիկայում Շիրակի մարզպետ կնշանակվի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Այս տեղեկությունն այսօր հրապարակել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթի տվյալներով` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետի նման փոփոխության հարցով քննարկում է եղել ու առաջարկվել է մարզպետ Հովհաննես Հարությունյանին (որ Գյումրու համայնքապետի ընկերություններում պարտություն կրեց) փոխարինել Բաղդասարյանով։ Թերթի հետ զրույցում պատգամավոր Բաղդասարյանը նշել է, որ մարզպետի փոփոխության հարցի քննարկումներին ծանոթ չէ։
«Մարզպետի ազատման կամ փոփոխության հարցը վարչապետի աշխատակազմում է քննարկվում, ու ինձ նման քննարկումներ հայտնի չեն։ Ընդամենը տեղյակ եմ, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է ավագանու իր մանդատից»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Հարությունյանի հետ համագործակցելուն, ապա Բաղդասարյանը ասել է, որ պատգամավոր-մարզպետ համագործակցությունն իրենց մոտ ստացվել է, հաջողել են։
«Քաղաքական մեր գիծը պահելով է աշխատել պրն Հարությունյանը ու բավական սկզբունքային է եղել որոշումներ ընդունելիս»,- հավելել է ՔՊ խմբակցության քարտուղարը։
Նշենք, որ հոկտեմբերի 17–ին Գյումրիում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել «Բալասանյան» դաշինքը։ Դրանից հետո ՔՊ-ականները սկսել են քննարկել մարզպետ Հարությունյանին փոխարինելու հարցը։
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսակետ էր հայտնել, որ ընտրության արդյունքներն արդեն իսկ որոշակի ցուցիչ են՝ վերլուծելու ու հասկանալու համար մարզպետի գործունեությունը։ Եվ եթե նա ընտրություններում չի հաջողել, ապա դա արդեն ինչ-որ բան նշանակում է»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել է 5 ուժ՝ «Բալասանյան» դաշինք՝ 9637 ձայն (36,59%), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 7785 ձայն (29,56 %), «Զարթոնք» կուսակցություն՝ 2793 ձայն (10,60%), «Ապրելու երկիր» կուսակցություն՝ 1489 ձայն (5,65%), Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝ 1333 ձայն (5,06%):
Հավելենք, որ այս տարի Հայաստանի տարբեր համայնքներում ՏԻՄ ընտրություններ են նշանակված նաև նոյեմբերի 14–ին և դեկտեմբերի 5-ին: Նոր ընտրություններ անցկացնելու որոշումը պայմանավորված է համայնքների խոշորացման գործընթացով, որի արդյունքում Հայաստանում կձևավորվեն թվով 79 համայնքներ: