Մոտեցումն այն է, որ ռուսական խաղաղապահ ուժերն Արցախում ավելի երկար են մնալու. Գրիգորյան

Խաղաղապահներն Արցախում
Արմեն Գրիգորյանը նշեց, որ Ռուսաստանի հետ քննարկումներ են գնում Արցախի անվտանգության խնդիրը համատեղ լուծելու հարցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Մոտեցումն այնպիսին է, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում ավելի երկար են մնալու։ Կառավարության նիստից հետո այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են Արցախում խաղաղապահների համար, դրանք հնարավորություն են տալիս ենթադրելու, որ նրանք առավել երկար են մնալու Արցախում»,–ասաց Գրիգորյանը։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե առանց Ռուսաստանի Հայաստանը միայնակ կարո՞ղ է Արցախի անվտանգությունն ապահովել։ Ի պատասխան Գրիգորյանը նշեց` այս պահին քննարկվում է անվտանգության խնդիրը համատեղ լուծելու հարցը։
Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է․ ԱԽ քարտուղար
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: