ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման համար իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 1920-ականների քարտեզն է։ Նման հայտարարությամբ լրագրողների հետ ճեպազրույցում հանդես եկավ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ընդծեց, որ Խորհրդային միության տարիների առաջին դեմարկացիայի գործընթացը հենց 1920-ականներին է սկսվել, որն ավարտվել է 1929 թվականին։
«Դրանից հետո ձևավորված քարտեզների հիմքը եղել է հենց 1920-ական թվականների քարտեզը։ Իրավական հիմք ունեցող միակ քարտեզը 20-ականների քարտեզն է, որի հարցում միասնական մոտեցում չկա։ Մի մասն ասում է 1926 թվականինն է ճիշտ, մյուս մասն ասում է` 1929 թվականինն է ճիշտ»,-ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ դեմարկացիա և դելիմիտացիա աշխատանքային խումբը քննարկում է` ինչպես գործընթացը սկսել, որ քարտեզները հիմք ընդունել, սակայն այս պահին որևէ հստակություն չկա։
«Քարտեզները, որոնք պետք է դրվեն բանակցությունների հիմքում, քննարկվել են աշխատանքային խմբում»,-ասաց ԱԽ քարտուղարը։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ֆորումի ժամանակ իր ելույթում ասել էր` ՌԴ գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս` ինչպիսին է եղել Հայաստանի սահմանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ վստահ է` սահմանազատման համար քարտեզները, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահը, եթե ոչ 100, այլ 99 տոկոսով համընկնում են «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով նկարագրված ՀՀ-ին։