Հայաստանում մամուլը կախված է ընդդիմությունից, ոչ թե իշխանություններից. ԱԺ փոխնախագահ

Աժ–ում քննարկվում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ ՀՀ–ում մամուլն ազատ չէ։ Նա այս մասին հայտարարեց ԱԺ քառօրյայի ժամանակ, երբ քննարկվում էր «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«ՀՀ–ում մամուլն ազատ չէ, բայց ի տարբերություն նախկինի, Հայաստանում մամուլը կախված է ընդդիմությունից, ոչ թե իշխանություններից։ Ի դեպ, իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ կան, ում շատ մոտ բարեկամներն աշխատում են ընդդիմադիր թերթերում։ Սրանից ավելի ապացույցի կարիք կա՞, որ ՀՀ–ում մամուլն ազատ է»,– նշեց Ռուբինյանը։

Նա հռետորական հարց հնչեցրեց` կարելի՞ է կամ պե՞տք է այնպես անել, որպեսզի մամուլն այսօր շատ ավելի ազատ լինի ու պատասխանեց, որ միանշանակ պետք է։ ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ տվյալ նախագիծը հենց դրա մասին է։
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
Նշենք, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանն ու Սարգիս Խանդանյանը։ Նրանք նախկինում լրագրողներ են եղել։
Անհայտ աղբյուրներին հղում կատարած ԶԼՄ-ները չեն ազատվի պատասխանատվությունից
Նախագծով առաջարկում են օրենքում նոր հասկացություն ներմուծել՝ «չնույնականացված աղբյուրներ»։ Առաջարկվում է նաև ևս մի փոփոխություն կատարել՝ պետական մարմիններում թույլ չտալ հավատարմագրվել այն լրատվամիջոցներին, որոնք չեն ներկայացնի նույնականացման տվյալներ և ֆինանսական տարեկան հաշվետվություն։