ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Facebook-ը փոխում է անվանումը։ Facebook-ի իր պաշտոնական էջում տեսաուղերձի ընթացքում տեղեկացրել է ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը:
«Այսօրվանից մենք կոչվելու ենք Meta», - հայտարարել Է Ցուկերբերգը Metaverse (մետատիեզերք) ընկերության շնորհանդեսի ժամանակ:
Facebook սոցիալական ցանցը չի փոխում իր անվանումը, փոխվում է միայն ընկերության անվանումը։
«Ես նախկինում սիրում էի դասական ուսումնասիրությունները, իսկ «meta» բառը հունարենից թարգմանաբար նշանակում է «հետո»: Ինձ համար սա խորհրդանշում է այն փաստը, որ միշտ կարելի է ուրիշ բան կառուցել»,- ասել է Ցուկերբերգը։
Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշը ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետատիեզերքի վրա, որտեղ մարդը կհրաժարվի էկրաններից և կունենա վիրտուալ իրականության մեջ ներկա լինելու էֆեկտ։
«Ես այսօր շատ հպարտ եմ մեր ստեղծածով և ոգևորված նրանով, թե ինչ է մեզ սպասում, մենք այսօր անցնում ենք հնարավորից այն կողմ, հատում ենք ֆիզիկական տարածության սահմանները»,- հայտարարել է Ցուկերբերգը և ներկայացրել ընկերության նոր տարբերանշանը՝ կապույտ Մեբիուսի ժապավենի (անվերջության) տեսքով։
Նրա խոսքով՝ metaverse-ը կարող է դառնալ հաջորդ խոշոր սոցիալական հարթակը, և մի քանի տեխնոլոգիական ընկերություններ կստեղծեն այն առաջիկա 10 և ավելի տարիների ընթացքում:
Facebook սոցիալական ցանցը հիմնադրվել է 2004 թ․-ին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։ Գլխավոր գրասենյակը տեղակայված է Մենլո Պարկում (Կալիֆոռնիա)։ Facebook-ին են պատկանում նաև Messenger-ը, WhatsApp-ն ու Instagram-ը։
Ցուկերբերգը երրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ ամերիկացիների ցուցակում, սեպտեմբերի սկզբին նրա կարողությունը գնահատվում էր 134,5 միլիարդ դոլար։