«Եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում»․ Վարդևանյանը՝ Ավանեսյանին

Արամ Վարդևանյան. Արխիվային լուսանկար
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի խոսքով՝ որևէ խնդիր կամ դժվարություն չունի կնոջից ներողություն խնդրելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից երեկվա հայտարարության համար։
Նշենք, որ երեկ Վարդևանյանը ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ պրոֆեսոր, պատգամավոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի, կալանքի համար ուղիղ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրավապահները, այլ նաև ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հարցն այն է, որ դատարանի կողմից մոտ մեկ ամիս առաջ գրություն է հասցեագրվել առողջապահության նախարարին` պարզելու Չարչյանի առողջական վիճակի համատեղելիությունը կալանքի հետ։ «Նախարարն այդպես էլ չի պատասխանել այդ գրությանը։ Մասնագիտական տեսանկյունից սա ոչ միայն խայտառակություն է, այլև լկտի վարքագիծ է պաշտոնի նկատմամբ»,–ասել էր Վարդևանյանը։
ՌԱԴԻՈ
ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալ
Այսօր լրագրողների հետ զրույցում Անահիտ Ավանեսյանը պահանջել էր, որպեսզի Արամ Վարդևանյանը իրենից ներողություն խնդրի։
Վարդևանյանը Facebook-ի իր էջում կատարվածի առնչությամբ գրառում է արել ու նշել, որ Ավանեսյանին վիրավորելու միտում չի ունեցել։

«Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից: Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է»,-գրել է Վարդևանյանը:

Նա միաժամանակ նշել է, որ մի շարք անհամաձայնություններն ու քննադատությունն այս առումով չեն սահմանափակվելու:
Նախարարը երեկ հայտնել էր, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակն ուսումնասիրելու հարցով հանձնաժողով է ստեղծվել։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
ՔԿՀ-ում սրտաբան, շաքարային դիաբետի մասնագետներ չկան. Չարչյանի վիճակը կարող է վատանալ
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։ Պրոֆեսորն առողջական խնդիրներ ունի, մասնավորապես` շաքարային դիաբետ։