ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Անհրաժեշտության դեպքում Չինաստանը Հայաստանին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։
«Եթե անհրաժեշտությունը լինի՝ չին ժողովուրդը, բնականաբար, պատրաստակամ է աջակցել հայ ժողովրդին ցանկացած հարցում: Կարծում եմ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների կառավարությունների միջև ձեռք կբերվեն համապատասխան համաձայնություններ, որոնց արդյունքում, եթե կարիք լինի՝ պատվաստանյութերը կարող են տրամադրվել նվիրատվության տեսքով»,- ասել է դեսպանը:
Հիշեցնենք՝ այս տարվա մայիսին Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Դրանից հետո Հայաստանը նաև գնել է Չինաստանից «Սինոֆարմ» պատվաստանյութ։
Չինաստանի դեսպանը խոսել է COVID-19-ի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու` չին ժողովրդի պատրաստակամության մասին։